Ռուսաստան ժամանող միգրանտներին կպարտավորեցնեն բջջային հեռախոս գնել
Ռուսաստան ժամանող միգրանտները պարտավոր կլինեն բջջային հեռախոս ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Զուբովը՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով՝ հեռախոսում կստեղծվի միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը, ինչը թույլ կտա իրավապահներին վերահսկել նրա գտնվելու վայրը։
«Մենք կիմանանք յուրաքանչյուր միգրանտի գտնվելու վայրը։ Նա չի կարողանա առանց վերահսկողության մեկ բնակավայրից տեղափոխվել մյուսը կամ փոխել իր բնակության վայրը»,- ասել է Զուբովը։
Նա հավելել է, որ հեռախոսի միջոցով միգրանտներին նաև կծանուցեն փաստաթղթերի ժամկետի ավարտի կամ պետական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայի տարածաշրջանում փորձարկվում է «Ամինա» բջջային հավելվածը, որի միջոցով ՌԴ ՆԳՆ-ն հետևում է առանց վիզայի Ռուսաստան ժամանած չափահաս միգրանտների տեղաշարժին։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ մինչև անցած տարվա դեկտեմբերի կեսերը միգրացիոն հաշվառումից հանվել է ավելի քան 139 հազար մարդ, քանի որ «Ամինա» հավելվածը երեք և ավելի աշխատանքային օր նրանց աշխարհագրական տվյալներ չէր փոխանցել։