«Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում»․ Ստեփան Դանիելյանը՝ նոր հանձնախմբի ստեղծման անհրաժեշտության մասին
Հայաստանում ձևավորվել է նոր հանձնախումբ, որի նպատակն է զբաղվել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով։
Հանձնախումբը միավորում է քաղաքագետների, իրավապաշտպանների, դիվանագետների և հանրային տարբեր գործիչների։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանում Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։
«Մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Հիմա երկրի վարչապետն է որոշում՝ ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ունենա և այսպես շարունակ»,- ասել է Դանիելյանը։
Նրա խոսքով սեփականության իրավունքը չի պաշտպանվում։
«Վարչապետը հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն, և նրանց ունեցվածքը համարում է անօրինական։ Այսինքն՝ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Գործող վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը գնում է այդ մարդու հետևից»,- նշել է քաղաքագետը։
Դանիելյանը հավելել է, որ իր գնահատմամբ՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում։