Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների 43 քրեական վարույթ․ մեղադրանք է առաջադրվել 153 անձի
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ դատարան ուղարկված գործերը վերաբերում են ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառք տալուն օժանդակելու, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու, անձանց հավաքների մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և դրա նախապատրաստության կամ փորձի դեպքերին։
Դատախազության տվյալներով՝
31 վարույթում առկա են ընտրակաշառք տալու մեղադրանքներ,
27 վարույթում՝ ընտրակաշառք ստանալու մեղադրանքներ,
7 վարույթում՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեղադրանքներ,
7 վարույթում՝ ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու դեպքեր,
6 վարույթում՝ անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու փաստեր,
6 վարույթում՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի կամ նախապատրաստության վերաբերյալ մեղադրանքներ։
Դատախազությունը հրապարակել է նաև մի շարք կոնկրետ դրվագներ։ Ըստ այդմ՝ մեղադրանքներ են առաջադրվել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, թեկնածուների, շտաբների ղեկավարների, տարածքային պատասխանատուների, համակիրների և աջակիցների նկատմամբ։
Մասնավորապես, գործերում հիշատակվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը։
Ըստ մեղադրանքների՝ տարբեր դեպքերում ընտրողներին առաջարկվել կամ տրամադրվել են գումարներ, աշխատանքի, բնակարանի, հողամասի և պաշտոնի խոստումներ, վճարվել կամ խոստացվել են աչքի վիրահատության ծախսերը, վարկային պարտավորությունների մարումը, ավիատոմսերի արժեքը, ինչպես նաև տրամադրվել են շինանյութ, սննդամթերք, կենցաղային տեխնիկա և այլ նյութական բարիքներ՝ որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու դիմաց։
Առանձին քրեական վարույթներով մեղադրանքներ են առաջադրվել նաև ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, սպառնալիքների միջոցով ընտրության վրա ազդեցություն գործադրելու, ինչպես նաև ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու համար։
Հիշեցում՝ յուրաքանչյուր մեղադրվող համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով և չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։