ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
Ազգային ժողովի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքին։
Հայտարարության մեջ պատգամավորները նշել են, որ «խոր մտահոգություն» են հայտնում իրենց գործընկերոջ նկատմամբ կիրառված կալանքի կապակցությամբ՝ ընդգծելով, որ կալանքը քրեական դատավարության ընթացքում կիրառվող ամենախիստ խափանման միջոցն է և պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ ապահովել վարույթի բնականոն ընթացքը։
«Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է»,– ասված է հայտարարությունում։
Պատգամավորները նշել են, որ օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որպեսզի նման որոշումները լինեն համաչափ, բավարար հիմնավորված և անհրաժեշտ։
Նրանք ընդգծել են նաև Արեգնազ Մանուկյանի քաղաքական-հասարակական գործունեությունը, նրա՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը և նշել, որ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները։
Հայտարարությամբ ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են արել՝
անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը,
կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց,
ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանումը։
Պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի ազատ արձակումը՝ կիրառելով ավելի մեղմ խափանման միջոց։
Նրանց խոսքով՝ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ որոշումները հիմնված են բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքների վրա։
Հայտարարության վերջում պատգամավորները հայտնել են իրենց աջակցությունը Արեգնազ Մանուկյանին և նրա ընտանիքին՝ ընդգծելով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունները հիմնարար արժեքներ են։
Հայտարարությունը ստորագրել են ԱԺ ընդդիմադիր 13 կին պատգամավորներ՝ Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Աննա Մկրտչյանը, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը և Քրիստինե Վարդանյանը։