ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում ունեցած ելույթում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի արդյունաբերությունը կայուն աճ է ցուցաբերում՝ առանձնահատուկ առաջընթաց արձանագրելով վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Նրա խոսքով՝ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի համեմատ աճել է 4,7 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13 տոկոսով։ Փաշինյանը նաև նշել է, որ վերջին ինը տարիների ընթացքում վերամշակող արդյունաբերության ծավալը կրկնապատկվել է։
Վարչապետի խոսքով՝ միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտաշինության զարգացումը խթանում է գիտական հետազոտությունները, մասնագիտական կրթության արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։
Նա ընդգծել է, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը՝ արտադրական գործընթացների թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
«Այս մոտեցումը կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման համար»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի նորարարական զարգացման ռազմավարությունը նպատակ ունի ապահովել կայուն տնտեսական աճ, ինտեգրվել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին և երկիրը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մրցունակ կենտրոն։
Վարչապետը նաև նշել է, որ վերջին շրջանում իրականացված խոշոր ներդրումները վկայում են Հայաստանի նկատմամբ վստահության աճի մասին՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող գործընկեր։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ արդյունաբերությունը ԵԱՏՄ-ի զարգացման շարժիչ ուժերից մեկն է։ Նրա խոսքով՝ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը նպաստում է անդամ երկրների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, իսկ հայկական ձեռնարկություններն արդեն ներգրավված են մի շարք համատեղ ծրագրերում։
Ելույթի ավարտին վարչապետը շեշտել է, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում մարդը պետք է մնա ուշադրության կենտրոնում։
«Տեխնոլոգիաները պետք է ոչ թե փոխարինեն մարդուն, այլ ազատեն նրան առօրյա կրկնվող աշխատանքից՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ստեղծարար և մտավոր գործունեության վրա»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշե...