Գրոսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ
ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ով ցանկանում է ստանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին նմանեցրել է դիրիժորների, որոնք յուրովի են կատարում Մոցարտի ստեղծագործությունները։
«Մենք ունենք ընդհանուր հղման կետ՝ Կանոնադրությունը։ Բայց, գիտեք, ինձ երբեմն դուր է գալիս օգտագործել այսպիսի համեմատություն, հատկապես այն պատճառով, որ մեր հարցազրույցն անցկացվում է Վիեննայում։ Վիեննան երաժշտության քաղաք է։ Մոցարտի միևնույն երաժշտությունը կարող է կատարել մի դիրիժոր և մեկ այլ դիրիժոր, և այն կհնչի շատ տարբեր։ Ինձ դուր է գալիս այս համեմատությունը։ Պարտադիր չէ ներկայիս գլխավոր քարտուղարի նկատմամբ կիրառելիս, այլ ընդհանրապես»,- նշել է Գրոսին՝ ի պատասխան այն հարցին, թե ինչով է իր պատկերացումը տարբերվում ներկայիս գլխավոր քարտուղարի մոտեցումից, և ԱԷՄԳ-ում իր կիրառած որ մեթոդները կարող էր օգտագործել ՄԱԿ-ում։
Ինչպես հավելել է նա, նույն սկզբունքը վերաբերում է նաև ԱԷՄԳ-ի Կանոնադրությանը. ունենալով կանոնների ու չափանիշների նույնպիսի հավաքածու՝ հնարավոր է լինել միանգամայն տարբեր գլխավոր տնօրեն կամ տարբերվող գլխավոր քարտուղար։
«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում, վստահության ինչպիսի մակարդակ եք ի վիճակի ներշնչել ձեր զրուցակիցներին։ ՄԱԿ-ը տարբերվում է ԱԷՄԳ-ից։ ՄԱԿ-ում կա շատ կարևոր կենտրոն՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, այնուհետև ոչ մշտական անդամները, ապա Գլխավոր ասամբլեան։ Եվ այս բոլոր տարբեր հարթակների հետ պետք է փոխգործակցել տարբեր ձևերով»,- հավելել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
Ըստ Գրոսիի՝ գլխավոր քարտուղարը հանդիսանում է մի անձնավորություն, ով հաղորդակցվում է բոլորի հետ և ցուցաբերում է մեծ ակտիվություն։