ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե IMEI համակարգը սպառնում է մեր քաղաքացիների ազատություններին, մենք այն չենք ներդնի․ Փաշինյան
Անդրադառնալով IMEI համակարգին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոլորտում նախատեսվող կարգավորումներին։
Նրա խոսքով՝ Հայաստանում բջջային հեռախոսների շուկայում առկա է միլիարդավոր դրամների ստվերային շրջանառություն, և այդ շահերից օգտվողները մեծ միջոցներ են ծախսելու նախաձեռնության դեմ լոբբինգ իրականացնելու համար։
Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունը հրապարակային և թափանցիկ է գործելու, և եթե չլինեն բավարար երաշխիքներ, որ համակարգը չի հանգեցնի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը կամ չարաշահմանը, այն չի ներդրվի։
Վարչապետը միաժամանակ կոչ արեց փորձագիտական հանրությանը և լրագրողներին ներկայացնել այլընտրանքային լուծումներ՝ ստվերային շուկայի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն մաքսային վերահսկողությամբ հնարավոր չէ լուծել, քանի որ բազմաթիվ հեռախոսներ երկիր են մտնում ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական ուղեբեռով։
«Եթե յուրաքանչյուր մարդու գրպանը սկսենք ստուգել, կասեն՝ սա բռնապետական մոտեցում է։ Բայց չենք կարող նաև ձևացնել, թե չգիտենք՝ ինչ է կատարվում Հայաստանում»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ստվերային շրջանառության հետևանքով պետությունը զրկվում է եկամուտներից, ինչի հետևանքներն ազդում են կենսաթոշակների, կրթության, համայնքային ենթակառուցվածքների և այլ հանրային ծառայությունների ֆինանսավորման վրա։
Վարչապետի խոսքով՝ մարդկային գործոնի վրա հիմնված վերահսկողությունը միշտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ուստի անհրաժեշտ են այնպիսի համակարգային լուծումներ, որոնք կնվազեցնեն այդ ռիսկերը։
«Եթե լայն քննարկումների արդյունքում պարզվի, որ առաջարկվող համակարգը սպառնում է մեր քաղաքացիների ազատություններին, մենք այն չենք ներդնի»,– եզրափակեց Փաշինյանը։