Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայաստանի թիվ մեկ գործընկերը, ինչի մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին:
Նա նշել է, որ այլ խնդիր է, թե ինչ արդյունավետությամբ ու անկեղծությամբ է իրականացվել այդ օրակարգը, սակայն հիմա՝ ընտրություններից հետո, կարևոր առիթ է համարում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ռեստարտը: Ըստ վարչապետի՝ նախորդ շրջանում իրենք հետևողական են եղել այդ ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է մեծ խնդիրներով՝ COVID-19-ով, պատերազմով և հետպատերազմական իրավիճակով, ինչի պատճառով գործնականում հնարավորություն չեն ունեցել լիարժեք կենտրոնանալ այդ օրակարգի վրա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ընտրությունները, այս նոր շրջանը, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակն ու ծավալը պատմական շանս են ստեղծում, և իրենց ռազմավարությունը հստակ է հայտարարված:
«Խնդիր համար առաջինը, որը մենք պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին։ Սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։ Բայց, ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք ԵՄ չափանիշներին, դա մեզ հնարավորություն կտա լինել ԵՄ լիարժեք անդամ։ Սակայն դա նաև քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ-որ պատճառով ԵՄ-ը որոշի, որ այլևս չի ընդլայնվում, այդ դեպքում մենք նույնպես մեծապես շահած դուրս կգանք, որովհետև կլինենք երկիր, որը լիարժեք համապատասխանում է ԵՄ չափանիշներին։ Սա ԵՄ-ի համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Նաև հավելել է, որ տարածաշրջանային կապուղիների բացման հետ կապված նոր հնարավորությունները նույնպես չափազանց կարևոր են: Փաշինյանը հիշեցրել է նախընտրական շրջանում իր կողմից բազմիցս հնչեցրած միտքն այն մասին, որ Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, ինչը պատմական իրադարձություն է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը այս ջանքերում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին հետևողականորեն և ամբողջապես աջակցելու համար՝ շեշտելով, որ դա շատ բարձր է գնահատվում:
«Նույնիսկ հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում առաջարկում են սահմանափակել միգրանտների աշխատանքը բժշկության ոլորտում
Պետդումայի պատգամավորները ցանկանում են կրճատել օտարերկրացիների համար հասանելի բժշկական մասնագիտությունների ցանկը՝ արգելե...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...