Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ փոխհատուցում
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ պնդելով, որ վերջինս իր հասցեին զրպարտող և վիրավորական հայտարարություններ է արել։Այս մասին հայտնում է Factor TV-ն:
Հայցը վերաբերում է մայիսի 31-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ալեքսանյանի հնչեցրած գնահատականներին։
Ըստ հայցի՝ բանավեճի ժամանակ Վահագն Ալեքսանյանը Թևանյանին վերագրել է պետական գաղտնիքների հրապարակում, լրտեսություն, պետական դավաճանություն, գործակալական գործունեություն, ինչպես նաև հայտարարել է, թե նա «Հայաստանի Հանրապետությունը 622 հազար դոլարի դիմաց ծախել է»։
Թևանյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել այդ հայտարարությունները՝ ինչպես գրավոր, այնպես էլ տեսաուղերձի միջոցով՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Բացի դրանից, նա պահանջում է, որ Ալեքսանյանը հրապարակային ներողություն խնդրի իրենից՝ «լրտես», «գործակալ», «դավաճան», «հայրենիքը փողի դիմաց ծախող» անվանելու, ինչպես նաև «պետք է նստի, փտի բանտում» արտահայտությունն օգտագործելու համար։
Հայցով պահանջվում է նաև բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 մլն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև փոխհատուցել 310 հազար դրամ պետական տուրքը և փաստաբանական ծառայությունների ծախսերը։
Factor TV-ի փոխանցմամբ՝ հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։
Հիշեցնենք, որ սա Թևանյանի առաջին նմանատիպ հայցը չէ։ Օրեր առաջ նա նույն հիմքով դատարան էր դիմել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունները և վճարել 6 մլն դրամ փոխհատուցում։