Որ երկրից է ամենաթանկարժեք նվերը ստացել Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը մի շարք նվերներ է ստացել եվրոպացի պաշտոնյաներից, որոնք Հայաստան էին ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի օրերին։
ԿԿՀ-ի հրապարակած տվյալներից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Փաշինյանը նվեր է ստացել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից։ Վերջինս Փաշինյանին է նվիրել «Salvatore Ferragamo» հայտնի ապրանքանիշի կարմիր փողկապ, որի արժեքը ներկայացված է 94 հազար 235 դրամ։ Այս նվերը նա ստացել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
Հաջորդ նվերը Ուրսուլա ֆոն դեր Լայենից է, որը Փաշինյանը ստացել է նախագահական նստավայրում նրան և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային հյուրընկալելու ժամանակ։ Եվրոպացի պաշտոնյան Փաշինյանին նվիրել է «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ, որի արժեքը գնահատվել է 161 հազար 918 դրամ։
Փաշինյանը նվեր է ստացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, այն է՝ 1818 թվականին Վենետիկում հրատարակված Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը գնահատվել է 308 հազար 635 դրամ։
Իսկ Փաշինյանին շնորհված Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանը գնահատվել է 1 միլիոն 265 հազար 115 դրամ։
Եվս մեկ նվեր Նիկոլ Փաշինյանն ստացել է Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսից, որի արժեքը, թերևս, ամենահամեստն է գնահատվել՝ 70 հազար 222 դրամ արժողությամբ ապակյա աման։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի են այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ, հրապարակային միջոցառումների ընթացքում սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները՝ տրամադրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60 000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսիք։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։