Քաղաքականություն

Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur

Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur

ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կներկայացնի ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։


«Նախագծով առաջարկվում է էականորեն փոխել վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման գործող կարգը։


Ներկայումս վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ առաջին անգամ են զրկվել իրավունքից, թե ոչ, պարտավոր են կրկին հանձնել որակավորման քննություններ։ Սակայն ՆԳ նախարարությունը կարծում է, որ նման մոտեցումը բավարար չափով չի նպաստում վարորդների վարքագծային փոփոխությանը։


Նախարարության հիմնավորմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում վարորդական իրավունքից զրկված անձանց նկատմամբ կիրառվում են այլ մեխանիզմներ՝ լրացուցիչ դասընթացներ, վերապատրաստումներ, ալկոհոլի վերահսկման սարքերի տեղադրում, սահմանափակ փորձաշրջաններ և այլ միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են վարորդի պատասխանատվության բարձրացման տեսանկյունից։


Այս համատեքստում առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որի համաձայն՝ վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված անձը կկարողանա այն վերականգնել առանց քննություն հանձնելու, եթե զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմի համապատասխան մարմնին։


Սակայն նման վերականգնումը կլինի որոշակի պայմաններով։ Մասնավորապես՝


-վարորդական իրավունքը մեկ անգամ կվերականգնվի առանց քննության,
քաղաքացին կվճարի 50 հազար դրամ պետական տուրք,
նրա համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան,
գործող 13 տուգանային միավորի փոխարեն նրան կտրամադրվի ընդամենը 6 միավոր։


Եթե փորձաշրջանի ընթացքում վարորդը սպառի իրեն հատկացված 6 տուգանային միավորը, ապա կրկին կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։


Նախագծով նախատեսվում է, որ վարորդական իրավունքից երկրորդ կամ հաջորդ անգամ զրկված անձինք նախկինի պես իրավունքները կկարողանան վերականգնել միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո։


Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան օգտվել նոր կարգավորումից։ Նրանք նույնպես կկարողանան առանց քննության վերականգնել իրենց իրավունքները՝ վճարելով սահմանված պետական տուրքը և մեկ տարվա ընթացքում գտնվելով 6 տուգանային միավորով փորձաշրջանում։


Նշվում է նաև, որ փոփոխությունները տարածվելու են միայն ՀՀ ոստիկանության կողմից կիրառված վարորդական իրավունքից զրկումների վրա։ Դրանք չեն վերաբերի դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, ինչպես նաև առողջական կամ այլ իրավական հիմքերով վարելու իրավունքի դադարեցման դեպքերին։


ՆԳ նախարարությունը վստահ է, որ նոր կարգավորումների ներդրումը հնարավորություն կտա ձևավորել վարորդական իրավունքի վերականգնման ավելի ճկուն և նպատակային համակարգ՝ կենտրոնանալով ոչ թե միայն պատժի, այլև վարորդների վարքագծի փոփոխության և վերահսկվող վերաինտեգրման վրա։


Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկվածներին խոստացել էր հարցը լուծել»,- ասվում է հոդվածում։



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250