Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել - FIP

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել - FIP

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ասել է, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, իսկ այժմ հակառակն է պնդում։

«Մեկ ամիս առաջ ասում էր, որ դուրս ենք գալու, հիմա ասում է՝ դուրս չենք գալու»,- ասել էր Կարապետյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» մշտադիտարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլ և մայիս ամիսների հայտարարությունները և պարզել, որ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլև հակառակը՝ խոսել է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու և առևտրատնտեսական կապերը զարգացնելու մասին։

Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ասել էր

«Ինչը վերաբերում է ԵՄ-ին՝ ըստ էության անդամությունը երկու միավորումներում անհամատեղելի է, բայց այն, ինչ մենք անում ենք և այն ուղերձը, որով մենք այստեղ ենք՝ այս պահի դրությամբ համատեղելի են, դա փաստ է, և քանի դեռ հնարավորություն կա համատեղելու այդ օրակարգերը՝ մենք համատեղելու ենք, իսկ երբ գործընթացները զարգանան մինչև այն կետը, որտեղ պետք կլինի կայացնել ինչ-որ որոշում՝ ես վստահ եմ, որ մենք, ի նկատի ունեմ ՀՀ քաղաքացիները, կկայացնենք այդ որոշումը․․․»։

Ապրիլի 9-ին արդեն Երևանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր

«Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և ԵՄ ուղությամբ՝ մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք, երբ կգա անհամատեղելիության պահը՝ մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ, քանի դեռ այդ պահը չի եկել՝ ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Նմանատիպ ձևակերպում վարչապետը հնչեցրել էր նաև ապրիլի 20-ի իր ուղերձում։

«Հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ անդամ, թե՛ ԵՄ անդամ, բայց քանի դեռ ԵՄ հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են՝ ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»։

Ուսումնասիրել ենք նաև մայիս ամսվա ընթացքում Փաշինյանի հայտարարությունները Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին

Մայիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ասել էր

«Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ, ինչպես մյուս անդամները և քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք՝ մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը, և էլի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել՝ մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, (ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալը) նաև հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա և մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը․․․»։

Մայիսի 27-ին Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է

«Քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել և՛ ԵԱՏՄ անդամ և՛ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու՝ մենք այդ ճանապարհով գնալու ենք․ այն պահին, երբ որ կգա ընտրույթյուն կատարելու պահը՝ մենք ընտրություն կկատարենք, բայց «մենք» ասելով՝ դուք կկատարեք ընտրություն»։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը նաև ասել է․ «Հայաստանը ոչ միայն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների, այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ»։

Մայիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արտաքին քաղաքականության տրամաբանության մասին հայտարարել է․ 

«Անկախությունը՝ քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, որևէ հարցում, որովհետև եթե այդ կախվածությունը քչերից է, լինի դա ներմուծման շուկա, արտահանման շուկա, որևէ համագործակցություն, դա մի x պահի միշտ էլ կարող է չաշխատել կամ օգտագործվել ՀՀ դեմ, կամ ՀՀ ճկությունները սահմանափակելու ուղղությամբ և մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, միևնույն ժամանակ զարգացնելով մինչև հնարավոր վերջին կետը ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունը, այդ թվում մեր լծակները ԵԱՏՄ-ում օգտագործելով ՀՀ տնտեսական շահերը պաշտպանելու համար»։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, սխալ է։ Ապրիլ ամսվա ընթացքում Փաշինյանի հրապարակային հայտարարություններում նման պնդում չի հնչել․ հակառակը՝ վարչապետը հայտարարել է, որ քանի դեռ ԵՄ-ի հետ մոտարկման գործընթացը համատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ, Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները կառույցի անդամ երկրների հետ։ Ավելին, Փաշինյանը նման հայտարարություն չի արել նաև մայիս ամսվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250