Իրանական ռազմական ինքնաթիռների տեղակայման վերաբերյալ արձագանքել են․ ինչ է սպասվում
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է ամերիկյան CBS News հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Իրանն իր ռազմական և քաղաքացիական օդանավերը տեղափոխել է Պակիստանի տարածք՝ ամերիկյան հնարավոր հարվածներից պաշտպանելու նպատակով։ Պաշտոնական Իսլամաբադը հրապարակված լուրերը բնորոշել է որպես մոլորեցնող և իրականությանը չհամապատասխանող՝ նշելով, որ նման հայտարարություններն ուղղված են տարածաշրջանային կայունության խաթարմանը։
Ամերիկյան լրատվամիջոցն իր աղբյուրներին հղում անելով պնդել էր, թե Իսլամաբադից հարավ գտնվող «Նուր Խան» ռազմաօդային բազայում են հայտնվել իրանական մի քանի օդանավեր, այդ թվում՝ հետախուզական նպատակներով վերափոխված RC-130 մոդելը։ Ըստ հրապարակման՝ Թեհրանը փորձել է ապահովել իր ավիացիոն պարկի անվտանգությունը՝ օգտագործելով հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի և Պակիստանի օդային տարածքն ու ենթակառուցվածքները։
Պակիստանի դիվանագիտական գերատեսչությունը պարզաբանել է, որ օդանավերի առկայությունը երկրում ունի բացառապես դիվանագիտական հիմքեր։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մեկնարկի փուլում երկու երկրների ինքնաթիռները ժամանել են Պակիստան՝ տեղափոխելով պատվիրակություններին, անվտանգության աշխատակիցներին և վարչական անձնակազմին։ Որոշ օդանավեր երկրում մնացել են ժամանակավորապես՝ սպասելով բանակցությունների հաջորդ փուլերին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ներկայում Պակիստանում գտնվող իրանական ինքնաթիռները ժամանել են հրադադարի ռեժիմի հաստատման շրջանում և որևէ կապ չունեն ռազմական գործողությունների կամ պաշտպանական հատուկ միջոցառումների հետ։ Իսլամաբադը շեշտել է, որ ցանկացած այլ մեկնաբանություն զուրկ է փաստական հիմքերից և չի համապատասխանում ընթացիկ իրադարձությունների համատեքստին։