ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս նավաստիները չեն կարողանում տուն վերադառնալ
Նամիբիայում կալանավորված Venus-1 նավի անձնակազմի 13 ռուս անդամներ արդեն շուրջ կես տարի գտնվում են անելանելի վիճակում՝ առանց անձնագրերի, աշխատավարձի և բավարար սննդի։
2025 թվականի դեկտեմբերին 15 նավաստիներ, որոնցից 13-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, Hodago Fishing ընկերության և Daron միջնորդի միջոցով մեկնել են Աֆրիկա՝ ձկնորսության նպատակով։ Վիզաների ձևակերպման պատրվակով նրանցից վերցրել են արտասահմանյան անձնագրերը՝ խոստանալով վճարել աշխատավարձը նավահանգիստ վերադառնալուց հետո։ Շուրջ 600 տոննա ձուկ որսալուց և բեռնաթափելուց հետո նավատեր ընկերությունը հրաժարվել է կատարել վճարումները։
Անձնակազմի դիմումի հիման վրա Նավաստիների միջազգային միությունը (ITF) կալանք է դրել նավի վրա։ Ներկայում Hodago Fishing-ը գտնվում է սնանկացման գործընթացում։ Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ աշխատակիցների, ընկերությունը ստիպված կլինի վաճառել նավը՝ 435 հազար դոլարի (մոտ 33 միլիոն 168 հազար ռուբլի) պարտքը մարելու համար։ Սակայն դատական ձգձգումների պատճառով նավաստիները շարունակում են մնալ նավի վրա։
Վերջին երկու ամսվա ընթացքում սննդամթերքի պաշարները երկու անգամ սպառվել են։ Նոր մատակարարումները հնարավոր են դառնում միայն Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի միջամտությամբ և նավահանգստի թույլտվությամբ, սակայն տրամադրվում է անհրաժեշտ սննդի միայն 30%-ը։ Նավի վառելիքը կբավականացնի առավելագույնը ևս մեկ շաբաթ, ինչից հետո նավը կհոսանքազրկվի։ Ըստ կապիտանի՝ փաստաթղթերը դեռևս չեն վերադարձվել, ինչի պատճառով անձնակազմին արգելված է լքել նավահանգստի տարածքը և վերադառնալ ընտանիքների մոտ։