Հասարակություն

Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները

Mariam Z. 1 րոպե 193 դիտում
Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները

ԱՊՊԱ համակարգում փոխհատուցումների գումարի ավելացումը արդեն իսկ սակագների մեջ ներառված է, հետևաբար, սա չի հանգեցնելու վարորդների կողմից ապահովագրական վճարների ավելացման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։


«Այն, որ մենք բարձրացնում ենք հատուցման չափը, որը պետք է որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու սրա պատճառով։  Իսկ այլ պատճառներով սակագների փոփոխություն, իհարկե հնարավոր է։ Ենթադրենք, 6-7 ամիս հետո գնաճի կամ պատահարների հաճախականության բարձրացման հետևանքով  սակագները կարող են վերանայվել, քանի որ ազատական են, կարող է բարձրանալ կամ կարող է նույնիսկ նվազել»,–ասել է նա։


Անդրադառնալով ավտովթարների հաճախականության նվազման խնդրին, Եղիազարյանը նշել է, որ դրա համար երեք հիմնական ուղղություն կա դասական. «Դա ճանապարհների կահավորվածության, կարգավորման վիճակի բարելավումն է, վարորդների վարքագծի բարելավումը և մեքենաների վիճակի բարելավումը: Այդ երեք ուղղությամբ էլ մենք որոշակի պլաններ նախատեսել ենք: Բայց քանի որ դա միայն մեզանից չի կախված, մենք ստիպված որոշ պետական մարմինների հետ ենք աշխատում, նաև ՀԿ-ների և լրագրողների հետ։


Օրինակ, ճանապարհային կահավորման վիճակը ազդում է պատահարների վրա, ենթադրենք մի տեղ փոս է, կամ, ասենք, նշանը լավ չի երևում կամ նույն նշանից երկու կողմ դրված է, երկուսն էլ համարվում է գլխավոր կամ զիջել և այլն։


Մենք հիմա պատրաստվում ենք ամբողջ Հայաստանի տարածքով պատահարների քարտեզ ձևավորել, որը աշխատի օնլայն ռեժիմով, որի հիման վրա կարելի է տեսնել, այսպես ասած, սև կետեր, որտեղ շատ պատահարներ են լինում, վերլուծել, հասկանալ դրա պատճառները, ու դրա հիման վրա ինչ-որ գործողություններ անել։ Բայց դա կոմպլեքս աշխատանք է պահանջում, այդ թվում ՆԳՆ–ի ու ՏԿԵՆ–ի հետ»,–ասել է նա։


Վաղինակ Եղիազարյանի խոսքով, բացի դրանից նաև վարորդների վարքագծի ազդեցության համար ինչ-որ միջոցառումներ են նախատեսում. «Օրինակ, հիմա հաշվարկներ ենք անում, որ իրենց խախտումների պատմությունը, այս բոնուս-մալուս համակարգի մեջ ինչ-որ կշռով հաշվի առնենք, որ կանխարգելենք։ Օրինակ, եթե խախտումներ շատ են անում, իրենց սակագինը բարձրանա, քիչ են անում՝ իջնի, որ վարքագծի վրա ազդեցություն լինի։


Մենք նաև առաջարկ ենք արել ինչ-որ դասընթացներ նախատեսվի, քննություններ հանձնել, որի արդյունքում մալուսը զիջվի, այսինքն, սակագինը նվազի և ինչ-որ տեղ բալեր իրեն վերադարձնեն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250