«Երեք օրում Կիևը գրավելու» խոստումից մինչև չորս տարվա պայքար․ Զելենսկիի ուղերձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարեդարձի կապակցությամբ՝ ներկայացնելով նաև Բանկովա փողոցում գտնվող նախագահական գրասենյակի տակ գտնվող իր բունկերը։


«Այսօր լրանում է ուղիղ չորս տարի այն պահից, երբ Պուտինը հայտարարում էր, թե երեք օրում կգրավի Կիևը։ Սա շատ բան է ասում մեր դիմադրության, այս ամբողջ ընթացքում Ուկրաինայի պայքարի մասին։ Այս խոսքերը վերաբերում են միլիոնավոր մարդկանց՝ նրանց քաջությանը, քրտնաջան աշխատանքին, տոկունությանը և այն երկար ճանապարհին, որը մենք անցել ենք փետրվարի 24-ից ի վեր», — նշել է նա։


Զելենսկին իր ելույթը ձայնագրել է բունկերից՝ ընդգծելով, որ պատերազմի առաջին օրերին հենց այնտեղ են անցկացվել կարևոր հանդիպումներն ու բանակցությունները։ Նրա խոսքով՝ պատերազմի մեկնարկին հարյուրավոր մարդիկ աշխատում էին այդ տարածքում՝ համակարգելով պետության կառավարման և պաշտպանության գործընթացները։


Նա հիշեցրել է նաև իր առաջին հեռախոսազրույցներից մեկը ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն-ի հետ։ «Այստեղ, այս փոքրիկ սենյակում, տեղի ունեցան իմ առաջին զրույցները համաշխարհային առաջնորդների հետ։ Ես այստեղ խոսեցի նախագահ Բայդենի հետ, և հենց այստեղ նա ասաց՝ Վոլոդիմիր, սպառնալիք կա, դու պետք է անհապաղ լքես Ուկրաինան։ Մենք պատրաստ ենք օգնել։ Ես պատասխանեցի, որ ինձ զենք է պետք, ոչ թե տաքսի», — նշել է Զելենսկին։


Նրա խոսքով՝ բունկերում կառավարությունը և զինվորական ղեկավարությունը համատեղ փնտրում էին լուծումներ՝ ապահովելու «Ուկրաինայի գոյատևումը»՝ կազմակերպելով զենքի, դեղորայքի և սննդի մատակարարումները երկրի տարբեր հատվածներ։

Քաղաքականություն