Իրանը գիտակցում է բանակցությունների ձախողման հնարավորությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու հարցում և գիտակցում է դրա ձախողման հնարավոր հետևանքները։ Նրա խոսքով՝ կողմերը կանգնած են կարևոր բանակցությունների շեմին։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Թեհրանը, իր գնահատմամբ, չի ցանկանում բախվել բացասական զարգացումների, եթե գործարք չկնքվի։ Միաժամանակ նա Իրանը բնութագրել է որպես դժվար բանակցող, սակայն հույս է հայտնել, որ գործընթացում կդրսևորվի ավելի կառուցողական մոտեցում։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ինքը մասնակցելու է բանակցություններին անուղղակի ձևաչափով։
Երկրորդ փուլով ամերիկա-իրանական խորհրդակցությունները նախատեսված են անցկացնել այսօր Ժնևում և վերաբերելու են Իրանի միջուկային ծրագրին։ Բանակցությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Վաշինգտոնը հայտարարում է Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայության ուժեղացման մասին, իսկ Իրանը հայտնում է որոշ հարցերում փոխզիջումների պատրաստակամության մասին։
Իրանական պատվիրակությունը գլխավորելու է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Հիշեցնենք՝ նախորդ փուլը կայացել էր փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ այդ երկրի միջնորդությամբ։ Այն դարձել էր առաջին հանդիպումը կողմերի միջև՝ մի քանիամսյա դադարից հետո, որը պայմանավորված էր 2025 թվականի հունիսին սրված իրանա-իսրայելական հակամարտությամբ և ԱՄՆ-ի ներգրավմամբ։





























