Նոր նախագիծ՝ պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը կարգելվի

Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։


Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։


Բացառություն է նախատեսվում կշռափաթեթավորման համար կիրառվող պարկերի և երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի, ինչպես նաև կափարիչով տարաների դեպքում։


Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին անգամ կկիրառվի նախազգուշացում, իսկ երկրորդ և հետագա խախտումների դեպքում կսահմանվի տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։


Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունն իրականացվելու է տեղական ինքնակառավարման մարմինների և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից՝ համատեղ ձևաչափով, ինչպես նաև դիտարկման միջոցով։


Նախարարի տեղակալն ընդգծել է, որ մեկանգամյա պլաստիկի օգտագործման սահմանափակումը կարևոր քայլ է ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական տեսանկյունից, և COP17-ի նախաշեմին Հայաստանը հանդես կգա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն։

Քաղաքականություն