ՆԳ նախարարը՝ Կարապետյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն մի քանի երկրների քաղաքացիություն ունի, բայց վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ-ում:


«Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է, և մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը։ Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակելու ենք երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է։


Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունն արհեստական երևույթ չէ, զուտ անձնագիր չէ, զուտ թուղթ չէ։ Քաղաքացիություն ստանձնելով՝ դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը, և լինելով մի քանի երկրների քաղաքացի՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։


ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում»,- ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


Հավելենք՝ նախօրեին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։



Քաղաքականություն