Քահանաները դատարան են դիմել՝ Կաթողիկոսի տնօրինությունները չեղարկելու պահանջով
Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի համապատասխան տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոններում։ Այս մասին հայտնում է «Հետքը»:
Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը, որով Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել, և որպես հետևանք՝ իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Մելքոնյանին, որը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։
Ստեփան Ասատրյանը պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին և վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Այս գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։
Միաժամանակ նշվում է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 2026 թվականի հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ։
Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները, և վտարել նրան (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
Երկրորդ հայցով պահանջվում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, այդ թվում՝ եկեղեցու բանալիները, ինչպես նաև արգելել Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։





























