Հրավերի դեպքում դիտորդներ կուղարկվեն Հայաստան. Վալենտինա Մատվիենկո
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հասել է բարձր մակարդակի. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 33%-ը իրականացվում է Ռուսաստանի հետ, իսկ վերջին տարիներին ռուսական բիզնեսները Հայաստանում իրականացվող նախագծերում ներդրել են ավելի քան չորս միլիարդ դոլար։ Այդ մասին փետրվարի 5-ին ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ Դաշնության խորհրդի տարածաշրջանների պալատում կայացած հանդիպումից հետո «Парламентская газета»-ի հարցերին պատասխանելիս հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
Նա հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են 2026 թվականի հունիսին։ Հարցին՝ արդյոք այդ քաղաքական գործընթացը կարող է ազդել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության վրա, Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ ցանկացած երկրում ընտրարշավները «միշտ թեժ և բանավիճական են»։
«Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ և բարգավաճ երկիր, և որ Հայաստանն ունենա կայուն քաղաքական իրավիճակ։ Որովհետև մենք մեծապես գնահատում ենք, գնահատել ենք և շարունակում ենք գնահատել մեր կապերը հայ ժողովրդի հետ»,- հայտարարել է խոսնակը։
Մատվիենկոն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրություններում դիտորդների հնարավոր մասնակցությունը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից։
«Եթե հայկական կողմը մեզ հրավիրի, պատրաստ ենք մասնակցել»,- նշել է նա՝ հավելելով, որ ռուսաստանցի դիտորդների նախորդ աշխատանքը ցույց է տվել նրանց եզրակացությունների օբյեկտիվությունն ու անաչառությունը։
Դաշնության խորհրդի խոսնակի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ այն բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսական բիզնեսն ավելի քան չորս միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում մոտ քառասուն նախագծերում: Դա ցույց է տալիս, որ մենք հետագա զարգացման հավակնոտ ծրագրեր ունենք, և առանց խորհրդարանական երկխոսության դա տեղի չի ունենա։ Խորհրդարանական երկխոսությունը պարտադիր է»,- հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակը։





























