Ուզում էինք Վիգենի կնոջ Հայաստան գալու հարցը լուծել, բայց արդեն հայրենակիցներից մեկը լուծել էր. Հայկ Սարգսյան
Նախօրեին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանում է Երևան` տեսակցելու ամուսնուն։ Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ Այստեղ է նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծաղիկները ձեռքին։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն լրագրողներից մեկը հայտնել է, որ Վիգենի կինը Հայաստանի հետ գալու հետ կապված խնդիրներ ունի.
«Մենք մինչև կապնվեցինք արդեն մեր հայրենակիցներից մեկը Հայաստան վերադարձի հարցը լուծել էր ու տեղեկացանք, որ Հայաստանում դիմավորող այս պահին ոնց որ չկա, քանի որ իրենք Հայաստանում մշտական բնակության մեջ չեն ու որոշեցինք նաև գանք, դիմավորենք։
Իրեն տեղեկացրել ենք, շատ ուրախացել է, հիմա սպասում ենք, որ իրեն դիմավորենք և միասին արդեն գնանք Մուրացան հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորի հույսը և աշխատանքը դա է, որպեսզի բոլորը վերադառնան։





























