Հասարակություն

Meta-ն թույլ է տվել արհեստական բանականությանը առանց ծանուցման օգտագործել Instagram-ի լուսանկարները

Meta-ն թույլ է տվել արհեստական բանականությանը առանց ծանուցման օգտագործել Instagram-ի լուսանկարները

Meta-ը ներկայացրել է Muse Image անվանումով արհեստական բանականության նոր մոդել, որը նախատեսված է պատկերներ ստեղծելու և խմբագրելու համար։ Ծառայությունն արդեն անվճար հասանելի է Meta AI, WhatsApp-ում և Instagram Stories-ում։


Muse Image-ը մշակվել է Meta Superintelligence Labs ստորաբաժանման կողմից։ Այն թույլ է տալիս տեքստային նկարագրության հիման վրա ստեղծել պատկերներ, խմբագրել պատրաստի լուսանկարներ, փոխել դրանց ոճը, հեռացնել ավելորդ օբյեկտներ և օգտագործել պատրաստի հուշումներ։


Meta-ի ներկայացրած օրինակներով՝ օգտատերը կարող է խնդրել ԱԲ-ին իրեն պատկերել պատմական տեսարժան վայրի ֆոնին, հեռացնել կադրում պատահաբար հայտնված մարդուն կամ ստեղծել QR կոդ։ Instagram Stories-ում մոդելը կօգտագործվի նաև նոր արհեստական բանականության էֆեկտների և ֆիլտրերի համար։


Առանձին գործառույթ նախատեսված է նաև Facebook Marketplace-ի համար։ Օրինակ՝ օգտատերը կարող է ներբեռնել բազմոցի լուսանկարը և տեսնել, թե ինչպես այն կերևա իր ավտոտնակում կամ սենյակում։ Գովազդատուների համար Muse Image-ը կդառնա Advantage Plus ծառայության մի մասը և կօգնի ստեղծել գովազդային պատկերների տարբեր տարբերակներ տարբեր արշավների համար։


Սակայն ամենամեծ դժգոհությունը կապված է Instagram-ի այլ օգտատերերի լուսանկարների օգտագործման հնարավորության հետ։ Եթե օգտատիրոջ էջը հանրային (public) է, հնարավոր է նրան նշել և նրա լուսանկարներն օգտագործել նոր արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն գեներացնելու համար։


Meta-ը իր կանոններում նշում է, որ այլ մարդիկ կարող են օգտագործել Instagram-ի օգտատիրոջ հրապարակային բովանդակությունը ԱԲ-ով նոր նյութեր ստեղծելու նպատակով, իսկ տվյալ օգտատերը դրա մասին որևէ ծանուցում չի ստանա։


Ընկերությունը պնդում է, որ օգտատերերը կարող են անջատել այս գործառույթը կարգավորումներում։ Սակայն քննադատները կարծում են, որ այն պետք է գործի հակառակ սկզբունքով՝ ակտիվացվի միայն օգտատիրոջ հստակ համաձայնությունից հետո, այլ ոչ թե լռելյայն։


Meta-ի նկատմամբ անվստահությունը պայմանավորված է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ընկերության նախկին սկանդալներով։ 2019 թվականին Meta-ն համաձայնել էր վճարել 5 միլիարդ դոլարի տուգանք ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովին՝ Cambridge Analytica սկանդալից հետո։ 2021 թվականին էլ ընկերությունը դադարեցրեց Facebook-ում դեմքի ճանաչման համակարգի աշխատանքը՝ դատական հայցերի և կարգավորող մարմինների ճնշման ֆոնին։


Meta-ը հույս ունի, որ Muse Image-ը կօգնի ներգրավել բովանդակություն ստեղծողներին, գովազդատուներին և վճարովի բաժանորդներին։ Սովորական օգտատերերի համար պատկերների գեներացումը հասանելի կլինի անվճար՝ սահմանված սահմանաչափերով, իսկ ընդլայնված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինի Meta One բաժանորդագրություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250