Նոր խնդիր` գյուղացիների և արտահանողների համար․ MediaHub
Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
Ի պատասխան այն հարցին, թե ինչ տնտեսական հիմնավորում ունի սահմանափակումը, արդյոք այն կլուծի այն խնդիրը, որի համար ընդունվել է, և ինչու է սահմանվել հենց 5 կիլոգրամ շեմը, MediaHub-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, նա նշել է․ «Հայտարարության մեջ հստակ նշված է, որ այսուհետ ֆիզիկական անձնաց չի տրամադրվելու նման հնրարավորություն, այսինքն՝ սահմանափակումը չի վերաբերվում իրավաբանական անձանց։ Միայն տնտեսական տեսանկյունից այս հարցին մոտենալը ճիշտ չէ։ Իսկ թե ինչու է սահմանվել հենց 5 կիլոգրամը, պատճառն այն է, որ անձանական օգտագործման նպատակով տեղափոխվող մրգի և բանջարեղենի համար ԵԱՏՄ կանոնակարգով սահմանաված առավելագույն քաշը 5 կիլոգրամ է։ Որոշումից պարզ է դառնում, որ սահմանափակումը տարածվում է ոչ միայն դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլև, օրինակ, դեպի Իրան կամ Վրաստան իրականացվող արտահանումների վրա»։
Վերջին տարիներին բազմաթիվ գյուղացիներ իրենց բերքն արտահանում էին ֆիզիկական անձանց միջոցով։ Ի՞նչ խնդիրների կարող են բախվել նրանք այս որոշման հետևանքով, և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ նրանց եկամուտի վրա։
«Իրականում խնդիրը շատ ավելի խորն է։ Ֆիզիկական անձանց միջոցով ապրանք էր դուրս բերվում, այդ խմբաքանակները հավաքվում էին այլ վայրում, փոխվում էր դրանց ծագման երկիրը, և արդյունքում այդ արտադրանքը ներկայցվում էր որպես Հայաստանից արտահանված։ Այս իրավիճակը բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել ինչը սխալ կառավարման հետևանք է, արդյուքում դրսի պարտյորները ասում են. «հոպ տղերք, ձեր միամիտ և անգրագետ հալին եկել ուզում եք մեզ դնեք միամիտի տեղ»։ Նկատի ունեն, որ մենք նախ կարգավորեք մեր համակարգը, հետո նոր համագործակցեք նրանց հետ»,- ասել է Պիպոյանը։
Հարցին, թե այս որոշման իրական շահառուն ո՞վ է լինելու՝ պետությունը, խոշոր արտահանողները, թե՞ սպառողները, Պիպոյանը պատասխանել է.
«Դժվար է ասել, թե այս որոշումից անմիջապես ով կշահի, քանի որ միայն այս քայլը բավարար չէ, որպեսզի որևէ կողմ ակնհայտ շահ ստանա։ Սակայն այն կարող է դառնալ այն գործընթացի սկիզբը, որի միջոցով պետությունը կկարողանա ցույց տալ, որ քայլեր է ձեռնարկում խմբաքանակների նույնականացման և արտահանման համակարգը կարգավորելու ուղղությամբ»։