Ադրբեջանական մամուլը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
Ադրբեջանական Minval Politika կայքն անդրադարձել է Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին՝ կենտրոնանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Հոդվածում նշվում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում նոր լարվածություն է առաջացել՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ֆոնին։ Նշվում է նաև, որ իրավապահների գործողությունների շրջանակում քննարկվում է նրան պատկանող տարածքում պահվող կենդանիների տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի, ինչը լայն արձագանք է ստացել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական շրջանակներում։
Կայքը գրում է, որ ընդդիմադիր ուժերը տեղի ունեցող զարգացումները կապում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ԲՀԿ-ն ստացել է ձայների ավելի քան 4 տոկոսը, սակայն չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու շեմը։ Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ՝ ձայների հաշվարկն ազդել է մանդատների բաշխման վրա՝ հօգուտ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչից հետո, նրանց գնահատմամբ, սկսվել են իրավական գործընթացներ թե՛ Ծառուկյանի բիզնեսների, թե՛ անձամբ նրա նկատմամբ։
Հոդվածում նշվում է նաև, որ ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացրել խորհրդարանական մանդատներն ընդունած մյուս ընդդիմադիր գործիչների շրջանում։ Որպես օրինակ հիշատակվում են նախկինում կիրառված սահմանափակումները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկրից մեկնելու արգելքները։ Ըստ հրապարակման՝ ընդդիմությունը չի բացառում, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է նախաձեռնել նոր գործընթացներ նաև այլ ընդդիմադիրների նկատմամբ։
Միաժամանակ հոդվածում ընդգծվում է, որ իշխանության ներկայացուցիչները հերքում են քաղաքական դրդապատճառների մասին պնդումները՝ հայտարարելով, որ բոլոր գործողություններն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում։ Նշվում է նաև, որ միջազգային դիտորդները նախորդ ընտրական փուլերում էական խախտումներ չեն արձանագրել, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսը քաղաքական մրցակիցների ազդեցությունը սահմանափակելու նպատակով։