ԵՄ-ն կոչ է արել Վենեսուելայում պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները․ Կայա Կալաս

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ Եվրամիությունը կողմերին կոչ է արել հանգստություն և զսպվածություն պահպանել էսկալացիայից խուսափելու և ճգնաժամի խաղաղ կարգավորումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։


«ԵՄ-ն հիշեցնում է, որ բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հատուկ պատասխանատվություն են կրում՝ պահպանելու այս սկզբունքները՝ որպես անվտանգության միջազգային ճարտարապետության հիմնասյուներ», - ասվում է Կալասի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 4-ի երեկոյան։


Հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելը բազմիցս խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ լինելու մասին և հանդես եկել երկրում ժողովրդավարությանը խաղաղ անցման օգտին՝ հարգելով այդ  երկրի ինքնիշխանությունը։


Կալասը նաև հայտնել է, որ ԵՄ-ն սերտ կապ է պահպանում ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ՝ «աջակցելու և նպաստելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսությանը, որը կօգնի լուծելու ճգնաժամը համաձայնեցված, ժողովրդավարական, ներառական և խաղաղ ճանապարհով՝ վենեսուելացիների գլխավորությամբ»։


ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ներկայում պահվող բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։

Քաղաքականություն