Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին
Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հուլիսի 5-ի երեկոյան հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR ընկերության բենզալցակայանին։
SOCAR Energy Ukraine ընկերությունը հաստատել է, որ «Shahed» տիպի երեք հարվածային անօդաչու սարք թիրախավորել է Նիկոլաևի մարզի Նեչայանե գյուղում, Օդեսայի փողոց 2Ա հասցեում գտնվող բենզալցակայանը։ Հարվածի հետևանքով վնասվել է վարչական շենքը, իսկ կայանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։
Ընկերությունից հայտնել են, որ նախապես ձեռնարկված անվտանգության միջոցառումների, օդային տագնապի ժամանակ հրահանգների խիստ պահպանման և ապաստարանի առկայության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի ծանր հետևանքներից։ Հարձակման պահին բոլոր աշխատակիցները գտնվել են ապաստարանում, տուժածներ չկան։
Նշվում է, որ վերջին օրերին ռուսական ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցնում Ուկրաինայի տարբեր շրջանների բենզալցակայաններին։
Սա առաջին նման դեպքը չէ։ Անցյալ տարվա ամռանը Ժիտոմիրի մարզի Բերեզինա գյուղում տեղի ունեցած պայթյունների հետևանքով լուրջ վնասներ էին կրել SOCAR Energy Ukraine-ի երկու բենզալցակայաններ, իսկ օգոստոսի 8-ի գիշերը ռուսական «Shahed» անօդաչու սարքերը հարվածել էին նաև Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթաբազային, որտեղ բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ ծանր վիրավորվել էր։
Միևնույն ժամանակ, դիտարկվում է, որ Նիկոլաևի մարզում SOCAR-ի բենզալցակայանի վրա վերջին հարվածը կարող է լինել ոչ թե մեկուսացված դեպք, այլ շարունակություն այն հարձակումների, որոնք ուղղված են Ադրբեջանի տնտեսական և էներգետիկ շահերի դեմ Ուկրաինայում։ Ավելի վաղ ռուսական հարվածների թիրախ էին դարձել նաև SOCAR-ի այլ օբյեկտներ և ադրբեջանական գազի մատակարարումների հետ կապված ենթակառուցվածքներ։
Այս համատեքստում մի շարք վերլուծաբաններ նշում են, որ Մոսկվան կարող է այս քայլերով դժգոհություն արտահայտել Ադրբեջանի անկախ էներգետիկ քաղաքականության և Ուկրաինայի հետ համագործակցության նկատմամբ՝ ազդակ հղելով Բաքվին։ Սակայն այս գնահատականները պաշտոնապես չեն հաստատվել և ներկայացվում են որպես վերլուծական տեսակետ։