Հռոմի Տրևի շատրվանը մոտ տարածությունից դիտելը կդառնա վճարովի. մանրամասներ
Հռոմ այցելող զբոսաշրջիկները 2026 թվականի փետրվարի 1-ից պետք է 2 եվրո վճարեն՝ աշխարհահռչակ Տրևի շատրվանը մոտ տարածությունից դիտելու համար։ Մուտքավճարներից հավաքագրված միջոցները կուղղվեն հուշարձանի պահպանմանն ու այցելուների հոսքի կառավարմանը, մինչդեռ շատրվանի մեջ նետվող մետաղադրամները շարունակելու են փոխանցվել բարեգործական նպատակներով։
Քաղաքապետարանը ակնկալում է միայն Տրևի շատրվանից տարեկան շուրջ 6.5 միլիոն եվրոյի եկամուտ։ Նոր վճարային կարգը ներառված է Հռոմում որոշ թանգարանների և հուշարձանների համար սահմանված սակագնային համակարգում, որի շրջանակում մի շարք վայրեր Հռոմի բնակիչների համար կդառնան անվճար։ Միաժամանակ զբոսաշրջիկները և ոչ բնակիչները ստիպված կլինեն վճարել Տրևի շատրվանը և ևս հինգ տեսարժան վայրեր, այդ թվում՝ Նապոլեոնյան թանգարանը, այցելելու համար։ Մինչև հինգ տարեկան երեխաները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցողները ազատված են մուտքավճարից։
Շատրվանը հնարավոր կլինի դիտել նաև անվճար՝ հեռավորությունից։ 18-րդ դարում ճարտարապետ Նիկոլա Սալվիի նախագծած Տրևի շատրվանը օրական ընդունում է միջինը շուրջ 30 հազար այցելու, իսկ տարածքում միաժամանակ թույլատրվում է առավելագույնը 400 մարդու ներկայություն։





























