Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է․ «Հրապարակ»
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի սկզբներին, Բաբայանը հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու` 26 թվականի ընտրությունների ժամանակ: Ասել էր նաև, որ Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում աջակցելու են «Հայրենիք» կուսակցության թեկնածուին` Խաչիկ Մանուկյանին: «Հայրենիքը» դրանից հետո հայտարարեց, որ խոսք է գնում միայն Վաղարշապատի ընտրությունների շրջանակներում համագործակցության մասին:
Էջմիածնի ընտրություններից հետո համագործակցությունը դադարեցվել է, քանի որ Արթուր Վանեցյանի թիմում հասկացել են, որ Սամվել Բաբայանը, մեղմ ասած, չափազանցրել է իր հնարավորությունները, թե Վաղարշապատի գյուղական համայնքներում մեծ ռեսուրսներ ունի և կարող է եղանակ փոխել ընտրություններում` ձայներ բերել «Հայրենիքին»: Իսկ երբ «Հայրենիք» կուսակցության թեկնածուն` որդեկորույս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ստացավ ընդամենը 1193 ձայն` 3.8 %, հասկացան, որ կամանդույուշչին ձայներ չունի»»,- գրում է թերթը։





























