Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են հստակ ռազմավարական տեսլականով. դեսպան
Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ընթացիկ տարում ոչ միայն պահպանել են իրենց բարձր դինամիկան, այլև առաջ են շարժվում առավել խորքային ու ռազմավարական հենքով։ Այս մասին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Դեսպան Հակոբյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին և իր առաքելության ընթացքում այդ հարաբերություններն առավել զարգացնելուն ուղղված քայլերին, նշել է, որ Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունները մշտապես բնորոշվել են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և բարիդրացիության այնպիսի որակով, որն առանձնահատուկ արժեք ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմական կապերը, որոնք այսօր վերածվել են դինամիկ և փոխշահավետ համագործակցության՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Կարևոր է ընդգծել, որ այս հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ հստակ ռազմավարական տեսլականով։ Իսկ ի՞նչ է ենթադրում ռազմավարական այդ տեսլականը. ինչպես այս տարվա օգոստոսին Երևանում ամրագրել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Փեզեշքիանը, մեր երկրների միջև հարաբերությունները պետք է հասցնել ռազմավարական բնույթի»,- նշել է ՀՀ դեսպանը՝ հույս հայտնելով, որ իրենց բնույթով արդեն իսկ ռազմավարական այդ հարաբերությունները մոտ ապագայում կստանան նաև իրավական հենք՝ սահմանելով համագործակցության զարգացման նոր հորիզոններ։





























