Երևանցիներն ամռանը մնում են առանց ջրի, իսկ «Վեոլիա Ջուրը» «միլիոններ է դիզում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Երևանում ամառային տապին ջրամատակարարումը վերածվել է ճգնաժամի. Արաբկիրում, հատկապես Կոմիտասի պողոտայում ու հարակից փողոցներում, արդեն երկու օր ջուր չկա։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հուլիսի 1-ից կփոխվի գրաֆիկը, ինչը կնշանակի գիշերային անջատումներ։
«Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում արդեն երկու օր է, ինչ ջուրն ուղղակի անջատված է։
Ավելին, պաշտոնապես էլ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման գրաֆիկը, այսինքն՝ սաստիկ շոգին զուգահեռ՝ գիշերները կրկին ջուր չենք ունենալու։ Առանց այն էլ ցերեկային ժամերին ջրի ճնշման անկումներն ու անսպասելի վթարները կատաստրոֆիկ են դարձրել երևանցիների կյանքը, իսկ հիմա, երբ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրանում է, մայրաքաղաքի բնակչությունը կանգնած է հակահիգիենիկ և հակասանիտարական լրջագույն ճգնաժամի առջև։ Ջրամատակարարման այս նոր սահմանափակումներն ու գիշերային անջատումները, ըստ էության, դառնում են Փաշինյանի «վերարտադրության գինը»։ Կորզելով ընտրություններում ևս մեկ ժամկետ ու վերահաստատելով իր իշխանությունը՝ նա այժմ համարում է, որ իր ձեռքերն արձակված են, և եկել է բացահայտ ոչ պոպուլ յար, հակաժողովրդական որոշումներ կյանքի կոչելու ժամանակը, քանի որ սպառողի դժգոհությունն այլևս չի սպառնում նրա քաղաքական հաշվարկներին։ Թվում է, թե սա պետք է լիներ պետական անմիջական միջամտության և խիստ պատժամիջոցների առիթ, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերության ծայրահեղ վատ, անպատասխանատու և անփույթ աշխատանքը շարունակում է մնալ բացարձակ անպատժելիության գոտում։
Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում գործող իշխանությունների երկակի ստանդարտների ողջ մերկությունը։
Երբ խոսքը վերաբերում էր, օրինակ՝ անհամեմատ ավելի լավ, անխափան ու համակարգված աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցերին», պետական ապարատը կեղծ պատրվակներով ու բացահայտ քաղաքական դրդապատճառներով կարողացավ բռնի պետականացման, սեփականության վերաբաշխման գործընթաց սկսել՝ ցուցադրելով իր ողջ «վճռականությունը»։ Բայց արի ու տես, որ «Վեոլիա Ջրի» դեպքում պատկերը լրիվ այլ է, և բացատրությունը թաքնված է զուտ քաղաքական կուրսի ու անձնական ամբիցիաների մեջ։ Հաշվի առնելով ջրային օպերատորի ֆրանսիական ծագումը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ևս մեկ անգամ ձեռք սեղմելու, եվրոպական բարձր ամբիոններում սիրաշահվելու Նիկոլ Փաշինյանի անհագ ցանկությունը՝ ֆրանսիական ընկերության բոլոր կատաստրոֆիկ մեղքերը, երևանցիներին տապին կտտանքների ենթարկելու իրողությունը ներվում ու կոծկվում են։ Ստացվում է, որ սեփական ժողովրդի տարրական կենցաղային իրավունքները, առողջությունն ու հիգիենան ոչինչ են արտաքին քաղաքական ժեստերի և աշխարհաքաղաքական սիրախաղերի առաջ։ Մինչ իշխանավորները ժողովրդավարության ու քաղաքացու մասին դատարկ լոզունգներ են կրկնում, մայրաքաղաքի բնակիչները դատապարտված են ամառվա սաստիկ շոգին մնալու առանց կենսական նշանակություն ունեցող ջրի, միայն թե հանկարծ չնեղանան ՔՊ-ի ֆրանսիացի հովանավորները, իսկ «Վեոլիա Ջուրը» շարունակի միլիոններ դիզել սեփական սպառողներին անջուր թողնելու հաշվին»,- գրել է թերթը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...