Գյումրին կոլապսի կենթարկվի, եթե ինձ կալանավորեն. Գյումրու փոխքաղաքապետ
Ամեն ինչ կարող է լինել, մենք ոչ մի բան չենք բացառում, բայց դրան էլ հակազդում ենք, պայքարում ենք, մենք հետ չենք կանգնում մեր պայքարից։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, անդրադառնալով նրան, որ հնարավոր է իր նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը փոխվի և իրեն ևս կալանավորեն։
«Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա, բայց եթե այդպիսի քայլի գնա իշխանությունը, ապա դա ուղիղ կառավարման ճգնաժամի կտանի, և Գյումրին կոլապսի կենթարկվի»,-ասել է նա։
Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Գյումրիի Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածին, որտեղ դրսից բերված հոգևորականները պատարագ մատուցեցին, Ավետիս Առաքելյանն ասել է. «Ես միանշանակ համակարծիք եմ մեր Շիրակի թեմի հոգևորականների հետ, և որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միշտ կաթողիկոսի, Սրբազանի հետ համաձայն են։ Ես կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ այդ հետապնդումները պետք է դադարեցվեն»։





























