Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Լևոն Թոքմաջյան
Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Օգտատերերը քննադատում էին, որ քանդակագործը Պարույր Սևակի կերպարը ճիշտ չի ներկայացրել։
Aysor.am-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ տեղյակ է քննադատություններից. «Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս։ Մինչև հիմա ինձ այդքան մարդ չէր զանգել։ Հիմա ստիպված պետք է բոլորին պատմեմ քանդակից։ Ես խնդրում եմ՝ գնացեք, քանդակն անձամբ տեսեք, դպրոցի տնօրենի հետ խոսեք, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Ես ոչ թե Պարույր Սևակի անձն եմ քանդակել, ես գաղափարական կոմպոզիցիա եմ ստեղծել, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն։ Ի՞նչ են իրար խառնվել։ Մեկն ասում է՝ ձեռքերն են մեծ, մեկն ասում է՝ քիթն է մեծ։ Ախր հո էդպե՞ս չի։ Կարող է ձեռքերն էլ մեծ լինեն, էդտեղ ի՞նչ կա։ Դուք հիշո՞ւմ եք՝ Առնո Բաբաջանյանի քանդակի հետ կապված ինչ պատմություններ եղան, էլի բզկտեցին, խեղճ քանդակագործին ինֆարկտի հասցրին, մահացավ։ Հիմա այդ բոլոր ասողները մահացել, գնացել են, բայց քանդակը կա»։
Ըստ Թոքմաջյանի՝ ստեղծագործությունները ժամանակ են պահանջում, որպեսզի ճիշտ ընկալվեն. «Ախր ես գաղափարն եմ ստեղծագործել, ինքը նստած է և նայում է իր գերեզմանաքարին, կարծես, կանխագուշակում է իր բախտը։ Հիմա այդտեղ ասել, թե արձանը Պարույր Սևակին նման չէ, քիթն ա մեծ, ձեռքն ա մեծ, դա ապուշություն է։ Իմ նպատակը չի եղել Պարույր Սևակի ֆիզիկական անձը ցույց տալը, այլ՝ նրա գաղափարը, հոգեկանը, ընդվզումը, պայքարը ժամանակի ու իրականության հետ։ Եթե իրենք չեն հասկանում, ես մեղք չունեմ»։
Հարցին՝ մշակույթի գործիչները, իր քանդակագործ գործընկերներն ի՞նչ կարծիք են հայտնել քանդակի մասին, Թոքմաջյանը պատասխանեց. «Էդ ո՞վ է գալիս ինձ հետ իր գործը քննարկում, որ ես էլ քննարկեմ։ Սա նվիրատվություն է, իմ կողմից նվեր է դպրոցին։ Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ քանդակի վրա։ Այսօր աշխարհը գլխի վայր շուռ է եկել, հիմա ի՞նչ են փնտրում այդ արձանի մեջ, չեմ հասկանում։ Ինձ համար անհասկանալի են այդ քննադատությունները։ Դա մի խումբ է անում։ Միշտ ասել եմ՝ շնորհակալ եմ այդ խմբին, որ այդքան աչալուրջ հետևում է իմ ստեղծագործական վերելքին։ Թող ոչ մի բան չանեն, միայն նստեն ու բամբասեն, իսկ ես արվեստանոցում ճգնելով աշխատում եմ։ Կարող է պատահի, որ մի բան էլ իրենց սրտով չի, ինչ անենք»։





























