Աղմկահարույց գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը
12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, ԶԼՄ–ներին հայտնել են ՔԿ–ից։
«Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են կոմիտեից:
Հիշեցնենք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում։
«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին էր, իսկ երեխան գտնվում էր հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։
Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ էր հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլորն երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։