Նոր կարգավորումներ՝ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են՝ դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց կոմիտեի ներկայացրած մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։


Մասնավորապես՝


 Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։


 Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝


- վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից,

- աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝

- շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ,

- անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ,

- անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։

Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։

Շարժական գույք

- առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով,

- չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։

Անշարժ գույք

- առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով,

- չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։


Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։


Նշված բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։

Քաղաքականություն