Գերմանիայի դեսպանատունը՝ ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու փոփոխությունների մասին
Հայաստանում Գերմանիայի դեսպանատան իրականացրած միջոցառումների արդյունքում զգալիորեն կրճատվել է Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար սպասելու ժամանակը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։
Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։
«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ նորություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից պատասխանել են.
«Համաձայն Շենգենյան վիզայի կանոնների և կարգավորումների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ աշխատել է համապարփակ մոտեցմամբ՝ վիզայի համար դիմող հայերի սպասարկումը բարելավելու համար: Այդ աշխատանքը ներառում էր այն որոշումը, որ 2025 թվականի հուլիսից վիզայի դիմումները պետք է ներկայացվեն արտաքին ծառայություն մատուցող TLS Contact-ին, մինչդեռ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում է դեսպանատունը։
Զուգահեռաբար, դեսպանատունը թարմացրել է իր տեղեկատվական համակարգը՝ պոտենցիալ դիմողներին վիզայի պահանջների մասին ավելի հարմարավետ ձևով տեղեկացնելու համար։
Այս միջոցառումները հանգեցրել են նրան, որ դիմում ներկայացնելու սպասման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Դեսպանատունը հանրությանը կտեղեկացնի այս հարցում ապագա զարգացումների մասին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։





























