Հայաստանը քննարկում է անդամակցության իրատեսական ժամկետները. Փաշինյան

Այս տարվա մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը։ Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ և որքանով է իրատեսական այս նպատակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը, առաջին հերթին, մեզ համար խթան է հետևողականորեն իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր նպատակն է` ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության ԵՄ անդամակցությունն անհնար է։


Երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի այս եվրոպական չափանիշներին, մեր առջև կբացվի երկու ճանապարհ. կամ մեզ կընդունեն որպես ԵՄ անդամ պետություն, կամ՝ ոչ։ Իհարկե, մեր նախընտրելի սցենարն առաջինն է։ Նույնիսկ եթե անդամակցությունը տեղի չունենա, մենք հասած կլինենք կարևոր հանգրվանի. Հայաստանը կլինի մի երկիր, որը կհամապատասխանի ամենաառաջադեմ ժամանակակից չափանիշներին։


Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու մեր ձգտումը պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ, այլ ժողովրդավարական ընտրությամբ. 2018 թվականի խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանը` որպես ռազմավարական խնդիր, հանձնառու է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և անկախ դատական համակարգին։


Այս ճանապարհին, ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հայաստանը և Եվրոպական Միությունն ընդունեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը լրացնում է արդեն իսկ գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ): Այն սահմանում է մեր համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները՝ դառնալով եզակի ճանապարհային քարտեզ տարբեր շերտերում Հայաստանի ավելի խորը համաձայնեցման և ինտեգրման համար։


Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ոլորտային ինտեգրման հնարավորությունները թվային և հեռահաղորդակցության, էներգետիկայի և կապի ոլորտներում»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն