«Աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան
Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
«2025թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 90,5 հազար մարդ։ Թվով՝ փոքր աճ, սակայն այդ աճի աղբյուրը պարզ է․ այն պայմանավորված է ոչ թե բնական վերարտադրությամբ, այլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հաշվառմամբ։
Իսկ իրական ժողովրդագրական պատկերը շարունակում է վատթարանալ։
1,Ծնունդների նվազում՝ –4.8%
2025թ․ հունվար–հոկտեմբերին ծնվել է 26 768 երեխա, մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում՝ 28 109։ Այսինքն՝ ծնունդները նվազել են –4.8%-ով։ Բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածներ/մահեր) նույնպես նվազել է՝ 133.3% → 127%։
Դա նշանակում է, որ բնական աճի «պաշարը» նոսրանում է։
2, Բնական աճի կտրուկ վատթարացում՝ –19%
Բնական հավելաճը կրճատվել է՝ 7022 → 5688, այսինքն՝ –19% անկում։ Սա սովորական տատանում չէ։ Սա երկրի կենսաբանական վերարտադրության անկում է՝ այն էլ տնտեսական աճի հայտարարությունների ֆոնին։
3,Ամուսնությունների նվազում՝ –12.2%
2025թ․ հունվար–հոկտեմբերին գրանցվել է 11574 ամուսնություն, իսկ 2024թ․ նույն ժամանակահատվածում՝ 13175։ Ամուսնությունների՝ շուրջ –12.2% նվազման խորքային ազդակն այն է, որ մարդիկ ավելի քիչ են վստահում ապագային, ավելի ուշ են ընդունում ընտանիք կազմելու որոշում, ինչպես նաև ավելի հաճախ են հետաձգում վերարտադրության (երեխա ունենալու) իրենց ցանկությունների իրագործումը։
4,Ամուսնալուծությունների աճ՝ 348 դեպք յուրաքանչյուր 1000 ամուսնության դիմաց
Եթե 2024թ․ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ամուսնալուծությունների հարաբերակցությունը եղել է 294/1000, 2025թ․ նույն՝ տաս ամսվա կտրվածքով այն դարձել է 348/1000։ Սա ոչ միայն թիվ է, այլ՝ ընտանեկան կայունության փլուզման չափիչ։
Երբ ամուսնալուծությունները աճում են, իսկ ծնունդները նվազում, երկիրը մտնում է երկարաժամկետ ժողովրդագրական ռիսկի գոտի։
5, 0–1 և 0–4 տարեկանների մահացության աճ
2025թ․ նախնական տվյալներով 0–1 տարեկանների մահերը աճել են +11.5%-ով, իսկ 0–4 տարեկանների մահերը՝ +13%-ով։ Այս թվերը նշանակում են, որ մեր առողջապահական համակարգը չի համապատասխանում մանկական ռիսկերի կառավարման պահանջներին։
Սա այլևս սոցիալական խնդիր չէ․ սա ազգային անվտանգության հարց է
Երբ գովերգվող տնտեսական աճի ֆոնին ծնունդները նվազում են, ընտանիքները պակասում են, ամուսնալուծությունները աճում են, իսկ բնական հավելաճը ընկնում է, սա արդեն ոչ թե վիճակագրություն է, այլ ազգային դիմադրողականության կորստի իրական գործընթաց։
Տնտեսական աճը արժեք չունի, եթե այն չի վերածվում կյանքի։ Եթե երկիրը չի վերարտադրում իր բնակչությունը, եթե ընտանիքը դառնում է ոչ թե հասարակության հիմք, այլ սոցիալական բեռի կրող, ապա ցանկացած տնտեսական ցուցանիշ կորցնում է իր իմաստը։
Հիմնական հարցը, որ պետք է տալ ինքներս մեզ․ Քանի՞ լումա արժե տնտեսական աճը, եթե այն չի բերում նոր կյանք, նոր ընտանիքներ, նոր սերունդ»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրի...
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...