ChatGPT-ը հայտնվել է ԵՄ-ի ամենախիստ թվային վերահսկողության ներքո
Բրյուսելը խստացնում է վերահսկողությունն ինտերնետի արագ աճող ծառայությունների նկատմամբ։ Եվրահանձնաժողովը ChatGPT-ը, Reddit-ը և Roblox-ը ներառել է Եվրամիության Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) շրջանակում ուժեղացված վերահսկողության ենթակա ծառայությունների ցանկում։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ երեք ծառայություններն էլ ԵՄ-ում ամսական միջինը գերազանցում են 45 միլիոն օգտատիրոջ շեմը։ Դա նշանակում է, որ դրանց նկատմամբ սկսում են գործել DSA-ի՝ համակարգային ռիսկեր առաջացնելու ներուժ ունեցող խոշոր թվային հարթակների համար նախատեսված առավել խիստ պահանջները։
«Այս նոր կարգավիճակները նշանակում են, որ ChatGPT-ը, Reddit-ը և Roblox-ը Եվրամիությունում այսուհետ կենթարկվեն ավելի խիստ վերահսկողության և պատասխանատվության պահանջների», — հայտարարել է Եվրահանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենը։
Ընկերությունները պետք է գնահատեն և նվազեցնեն մի շարք ռիսկեր՝ սկսած անօրինական բովանդակությունից և անչափահասներին հասցվող վնասից մինչև հիմնարար իրավունքներին, ընտրություններին, հանրային անվտանգությանը, ինչպես նաև օգտատերերի ֆիզիկական և հոգեկան բարեկեցությանը սպառնացող վտանգները։
Նոր կարգավիճակը Եվրահանձնաժողովին նաև հետաքննական լիազորություններ է տալիս՝ ուսումնասիրելու ծառայությունների համապատասխան գործառույթներն ու դրանց հիմքում ընկած համակարգերը։
ChatGPT-ը ճանաչվել է շատ խոշոր առցանց որոնողական համակարգ (VLOSE), իսկ Reddit-ը և Roblox-ը՝ շատ խոշոր առցանց հարթակներ (VLOP)։ Ընկերությունները մինչև 2027 թվականի հունվարի վերջը պետք է համապատասխանեն DSA-ի խստացված պահանջներին։
Հատկապես ուշագրավ է ChatGPT-ի ներառումը։ Եվրահանձնաժողովն այն դիտարկում է որպես հիբրիդային ծառայություն, որը կարող է համարվել առցանց որոնողական համակարգ, քանի որ օգտատերերի հարցերին պատասխանելիս կարող է որոնումներ կատարել համացանցում։ Այսպիսով, խոշոր գեներատիվ արհեստական բանականության ծառայությունն առաջին անգամ ընդգրկվում է DSA-ի վերահսկողության ամենախիստ մակարդակում։
DSA-ի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Եվրահանձնաժողովը՝ ChatGPT-ի և Reddit-ի դեպքում համագործակցելով Իռլանդիայի մեդիա կարգավորող մարմնի՝ Coimisiún na Meán-ի, իսկ Roblox-ի դեպքում՝ Նիդեռլանդների Սպառողների և շուկաների մարմնի (ACM) հետ։
Վերջին երեք ծառայությունների ներառումից հետո ԵՄ-ում «շատ խոշոր» կարգավիճակ ստացած առցանց հարթակների և որոնողական համակարգերի ընդհանուր թիվը հասել է 28-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունո...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...