Հափշտակվել է Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Տեղեկացնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։


«Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը»,-նշված է հաղորդագրության մեջ։


Մատենադարանի տնօրենությունը հայտարարում է, որ պատրաստ են մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները։


Երաշխավորվում է, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց՝ ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները և Մատենադարանի պարտավորությունները:


«Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում հոգևոր պատմության նմուշները»,-հայտնում են Մատենադարանից:

Քաղաքականություն