Բուհական դասախոսների մի մասը կարիք ունի լուրջ զարգացման, իսկ մյուս մասը՝ այլ ոլորտ տեղափոխվելու․ Անդրեասյան
Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում ԿԳՄՍ նախարարը հանդես է եկել կրթության բովանդակության և բարեփոխումների վերաբերյալ կարևոր հայտարարություններով։ Նա նշել է, որ կրթական բարեփոխումների զգալի մասը ուղղված է բովանդակության փոփոխությանը, որն իր բարդության պատճառով չի կարող իրականացվել մեկ օրում, սակայն առանց այդ գործընթացի մյուս քայլերը չեն կարող արդյունավետ լինել։
Նախարարը ընդգծել է, որ կրթության մեջ ներգրավված բոլոր անձինք փոխանցելու բան ունեն, այդ թվում՝ բուհերի դասախոսները։ Նրա խոսքով՝ բուհական դասախոսների մի մասը կարիք ունի հմտությունների լուրջ զարգացման, իսկ մյուսները՝ այլ ոլորտ տեղափոխվելու։ Միաժամանակ նա նշել է, որ կան նաև լավ մասնագետներ, սակայն անհրաժեշտ է նախ ձևակերպել համակարգային խնդիրները՝ հետագայում դրանց լուծմանը ուղղվելու համար։
Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նաև Ակադեմիական քաղաքի գաղափարին՝ ընդգծելով, որ այն միայն ենթակառուցվածք կամ միջավայր չէ, այլ նաև մարդկային կարողությունների համախմբում, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել մրցունակությունը։
Նախարարը հավելել է, որ ավելի կրթված հասարակությունները ունեն ավելի արդյունավետ կառավարումներ։ Նրա խոսքով՝ կրթված քաղաքացիները կարողանում են ավելի գիտակցված որոշումներ կայացնել, այդ թվում՝ ընտրությունների ընթացքում, ունեն մեծ զգայունություն հանրային հսկողության մեխանիզմների նկատմամբ և առանձնանում են բարձր արտադրողականությամբ։ Նա ընդգծել է, որ կրթված հասարակությունը հնարավորություն է ստեղծում տնտեսական զարգացման ուղղությամբ շարժվելու համար։





























