Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ. Հունգարիայի ԱԳՆ
Եվրոպա այսօր ակտիվորեն պատրաստվում է հնարավոր հակամարտության Ռուսաստանի հետ, և առաջիկա տարիներին գլխավոր հարցը կլինի՝ կկարողանա՞ արդյոք մայրցամաքը խուսափել ճակատագրական ավերումից։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել էր, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրատվամիջոցների հայտարարությունները վկայում են Եվրոպայի՝ պատերազմի պատրաստվելու մասին։ Նրա խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք խոսում են 2030 թվականից սկսվող հնարավոր ռազմական գործողությունների պատրաստության մասին, ցույց են տալիս, որ Բրյուսելը բացահայտորեն մշակել է ռազմական ռազմավարություն։
Սիյարտոյի խոսքով՝ ԵՄ-ում ընդունված ռազմավարական փաստաթղթերը նախատեսում են, որ մինչև 2029 թվականը Միությունը պետք է հասնի «լիարժեք ռազմական պատրաստվածության», ինչի հետևանքով Եվրոպայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կարող է իրական դառնալ արդեն 2030-ին։ MTI գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտարարել է Հունգարիայի Ժամբեկ քաղաքում կայացած միջոցառման ընթացքում։





























