Պատերազմն ազդել է Հայաստանում ծնելիության ցուցանիշի վրա
Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման հիմնական պատճառներից մեկը պատերազմն է, ինչի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ Նրա խոսքով՝ սա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և այս միտումը շարունակական է լինելու, քանի որ կրճատվել է պոտենցիալ հայրերի թիվը։
Անդրադառնալով պաշտոնական տվյալներին՝ նշվեց, որ սոցապնախարարության աշխատակցի հաղորդմամբ՝ 2018–2023 թվականներին ծնելիության աճը կայուն էր և կազմում էր շուրջ 36 000 երեխա, սակայն 2024-ից այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով մոտ 34 000-ի։ Վերջինիս մտահոգիչ է համարել նաև 2025 թվականի առաջին ինը ամիսների ցուցանիշը։
Եգանյանի խոսքերով՝ ծնելիության բացասական դինամիկայի վրա ազդել են նաև սեռով պայմանավորված աբորտները, ինչպես նաև երկրում տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտը։
«Երկրում տիրող մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ մարդիկ ցանկանան շատ երեխաներ ունենալ։ Ցուցանիշի վրա ազդող մի գործոն էլ տնտեսականն է։ Ես սպասելիք չունեմ, որ առաջիկա տարիներին ծնելիության ցուցանիշը կկայունանա, առավել ևս՝ աճ կգրանցվի»,– ասել է նա։
Պետական հնարավոր քայլերի մասին հարցին ժողովրդագրագետը պատասխանել է, որ դժվար է հստակ նշել, թե ինչ պետք է արվի։ Նրա խոսքով՝ հստակ դեղատոմս չկա, անելիքը շատ է, սակայն ներկայումս իրական հնարավորություններ չկան իրավիճակը փոխելու համար։





























