Մոտակա դպրոց պարտադիր հաճախելու հարց չի քննարկվում․ քաղաքապետարանը հերքում է. մանրամասներ
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը դպրոցի տնօրեններին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե հիմնականում որքան է կազմում աշակերտների՝ տանից դպրոց ընկած ճանապարհի հեռավորությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
«Մեզ նման հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարությունը, որից հետո մենք էլ ուղարկել ենք դպրոցի տնօրեններին: Դեռ վիճակագրություն չունենք, տվյալները հավաքագրում ենք: Չեմ կարող ասել, թե ինչի համար է ԿԳՄՍՆ-ին այս տվյալը պետք»:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի՝ քաղաքապետարանը քննարկում է քաղաքը բեռնաթափելու նոր ծրագիր, ըստ որի՝ ծնողները պետք է իրենց երեխաներին տանեն մոտակա դպրոցները, Մարգարիտ Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, նման քննարկում չկա քաղաքապետարանում: Չեմ էլ կարող ասել՝ իրատեսական ծրագիր կլինի՞ քաղաքը բեռնաթափելու համար, թե ոչ, քանի որ այս պահին օրենքի համաձայն՝ ցանկացած ծնող իր երեխային կարող է տանել իր ուզած դպրոցը»:





























