Օդի աղտոտվածության պատճառով կխստացվեն հին մեքենաների և հանքերի կարգավորումները. Ալեն Սիմոնյան

Հայաստանում օդի աղտոտվածության խնդրի լուծման համար մոտ ժամանակում նախատեսվում են խիստ օրենսդրական կարգավորումներ, որոնք կվերաբերեն հին ավտոմեքենաների շահագործմանը, շինարարական կազմակերպությունների գործունեությանը և հանքարդյունաբերությանը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Սիմոնյանի խոսքով՝ ամբողջ հանրապետությունում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է, իսկ Երևանում այն մի քանի անգամ ավելացել է՝ պայմանավորված քաղաքի տեղագրությամբ։ Նա հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խնդրի լուծմամբ զբաղվելու համար։


ԱԺ նախագահը նշել է, որ էկոլոգիական հարցերը տարիներ շարունակ անտեսված են մնացել, ինչի պատասխանատվությունը վերաբերում է բոլորին։ «Մենք շատ անլուրջ ենք վերաբերվել այս խնդրին։ Մեր մեղքը, բոլորիս մեղքը կա՝ կլիմայի և էկոլոգիայի հետ կապված հարցերում»,– ասել է Սիմոնյանը։


Նրա խոսքով՝ նոր օրենսդրական նախաձեռնությունները անխուսափելիորեն ազդեցություն կունենան որոշ խմբերի վրա, սակայն անհրաժեշտ են բնակչության առողջությունը պաշտպանելու համար։ Սիմոնյանը ընդգծել է, որ հին մեքենաների շահագործումը, հանքերի աշխատանքը և շինարարական կազմակերպությունները լինելու են խիստ վերահսկողության տակ։

Քաղաքականություն

Պատահարներ