Տերևներ այրողները կտուգանվեն

Տերևների այրումը կհանգեցնի տուգանքի, հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանը և հորդորել  զերծ մնալ նման գործողություններից։


«Եթե տերևները այրվել են ֆիզիկական անձի կողմից, տուգանքը կազմում է 50 հազար դրամ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 200 հազար դրամ», – տեղեկացրել է Ավագյանը։


Նա նաև ընդգծել է, որ 2025 թվականին տերևների այրման 16 դեպք է արձանագրվել, որոնցից 15–ի վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելով։


«Տեսչական մարմինը գարնանն ու աշնանը հասարակության շրջանում իրազեկման աշխատանքներ է իրականացնում՝ համագործակցելով մարզպետարանների, համայնքապետարանների և կրթական հաստատությունների հետ», – ավելացրել է Մեսրոպ Ավագյանը՝ հիշեցնելով, որ քաղաքացիները նման դեպքի մասին կարող են ահազանգել 119 համարով։