Հայաստանում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը․ մանրամասներ

Թոքի քաղցկեղը շարունակում է համարվել ժամանակակից առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկը։ Աշխարհի բազմաթիվ երկրներում նոյեմբեր ամիսը ավանդաբար նվիրվում է այս հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, քանի որ այն ուռուցքային հիվանդություններից մահացության պատճառների շարքում մշտապես զբաղեցնում է առաջին տեղը։


ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ Հայաստանում իրավիճակը առանձնապես մտահոգիչ է։ Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ 2021թ․-ի տվյալներով՝ այն կազմել է նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ը:


«2023թ.-ին տղամարդկանց և կանանց շրջանում ըստ առաջնակի հիվանդացության ցուցանիշների մակարդակների, շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղը զբաղեցրել են, համապատասխանորեն 1-ին (55.6/100.000) և 8-րդ (8.5/100.000) տեղերը:


Նույն տարեթվին չարորակ նորագոյություններից մահացության կառուցվածքում տղամարդկանց շրջանում առաջին տեղում էին շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղները (34.4%): Կանանց շրջանում շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են բոլոր ՉՆ-ից մահվան դեպքերի 8.6%-ը: Երկրում ծխելու բարձր տարածվածությամբ պայմանավորված՝ խնդիրը առավել ևս խորանում է։ Հայաստանի բնակչության 28%-ն օգտագործում է ծխախոտ, և տղամարդկանց ավելի քան կեսը ծխող է։ Ծխախոտի օգտագործումը տարեկան հանգեցնում է մոտ 5500 մահվան։ Կարևոր դեր ունի նաև օդի աղտոտվածությունը․ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով զբաղեցնում է աշխարհի առաջատար տեղերից մեկը։


Չնայած խնդրի լրջությանը՝ երկրում առայժմ չկա թոքի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիր։ Հիվանդության դեպքերի ավելի քան 80%-ը հայտնաբերվում է ուշ փուլերում։ ՀՏ-ն հասանելի է միայն վճարովի հիմունքներով, հիմնականում մայրաքաղաքում։


Այս պայմաններում հիվանդության կանխարգելումը դառնում է առաջնային նշանակություն ունեցող խնդիր։ Ծխելը դադարեցնելը թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Նույնիսկ երկարամյա ծխողները հրաժարվելուց հետո զգալիորեն նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը։ Շատ կարևոր է նվազեցնել վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը, վերահսկել բնակարանի օդի որակը, պահել առողջ կենսակերպ և պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը ծխողները և նախկին ծխողները, վնասակար արտադրություններում աշխատողները, շնչառական քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ինչպես նաև նրանք, որոնց ընտանիքում եղել են թոքի քաղցկեղի դեպքեր»,- նշել են «Հերացի» կենտրոնից։

Քաղաքականություն