ԱՄՆ-ն սկսել է պատմության ամենամեծ ատոմային սուզանավերի շինարարությունը
Այս շաբաթ Պենտագոնը 2,28 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել «General Dynamics Electric Boat» ընկերության հետ՝ «Կոլումբիա» դասի հինգ ռազմավարական սուզանավ-հրթիռակիրների նախնական գնումն ու կառուցումն ապահովելու համար, հայտնում է Naked Science-ը։ «Կոլումբիա» նոր սերնդի սուզանավերը նախատեսված են դառնալ ԱՄՆ ծովային միջուկային զսպման համակարգի հիմնական հենասյունը առաջիկա հիսուն տարիների ընթացքում։
Աշխատանքների հիմնական մասը իրականացվելու է Electric Boat-ի Գրոտոնի (Կոնեկտիկուտ) նավաշինարանում՝ լրացուցիչ ենթակապալառուների ներգրավմամբ Ռոդ Այլենդում և Վիրջինիայում։
Պայմանագիրը մաս է կազմում բազմամյա խոշոր ծրագրի, որը նախատեսում է աստիճանաբար փոխարինել հնացող «Օհայո» դասի սուզանավերին․ վերջիններս 1980-ականներից ի վեր ձևավորում են ամերիկյան միջուկային եռյակի ծովային բաղադրիչի հիմքը։
«Կոլումբիա» դասի սուզանավերը լինելու են ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշորները՝ 20,810 տոննա ջրատարողությամբ և մոտ 170 մետր երկարությամբ։
Նոր սուզանավերը կկրեն 16 Trident II (D5) բալիստիկ հրթիռ:





























