Կաշառքով վարորդական քննություններ. մեղադրանքներ են ներկայացվել 20 անձի
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր լիազորություններն ու ազդեցությունը, տարբեր անձանց օժանդակությամբ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներից ստացել է ընդհանուր 5.830.000 դրամ կաշառք՝ վարորդական վկայական ստանալու նպատակով ձևական տեսական և գործնական քննություններ կազմակերպելու համար։ Կաշառքի չափը յուրաքանչյուր դեպքում կազմել է 200.000-ից 550.000 դրամ։
Պարզվել է, որ նա նախնական համաձայնության է եկել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների համար ձևական քննություններ անցկացնելու շուրջ։ Վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցներով միանալով համակարգիչներին և մատնացույց անելով հարցերի ճիշտ պատասխանները։
Նախաքննությունը ցույց է տվել, որ մեղադրյալները «օբյեկտիվ» քննության պատրանք ստեղծելու նպատակով մի շարք դեպքերում նախ նշանակել են բացասական գնահատականներ, ապա ՀՀ կառավարության որոշման պահանջները խախտելով՝ կազմակերպել երկրորդ քննություն և տվել դրական արդյունք, ինչի հիմքով տրամադրվել են վարորդական վկայականներ։
Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Երկուսին էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և նրանց կաշառք տված ևս 20 անձի։ Նրանցից 13-ի մասով նախաքննությունն ավարտվել է, և գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ վերահսկում է վարորդական վկայականների տրամադրման գործընթացների օրինականությունը ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում և զգուշացնում է, որ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում ստանալու է օրենքով նախատեսված քրեաիրավական գնահատական։ Քաղաքացիներին հորդորվում է վարորդական վկայական ստանալ օրենքով սահմանված կարգով և առերևույթ հանցանքի մասին տեղեկությունների դեպքում դիմել կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
Երեխայի մոտ օմիկրոնի ո՞ր նշանների դեպքում պետք է անհանգստանալ և շտապօգնություն կանչել
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը նախորդ շտամներից ավելի հաճախ է ազդում երեխաների վրա, քան նախորդ շտամները։ Այս մա...
Թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը փակելը փոքր քայլ չէր, «առաջին ծիծեռնակներից» է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Արցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանակ...
«Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. նախկին մարզպետը հանքավայր է փորձում շահագործել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարվա...
Արցախում կկազմավորվեն ոստիկանության զորքեր երկրի պաշտպանությանը մասնակցելու համար
Արցախի Հանրապետության Հ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի...