Ձկնատեսակի համար դրույքաչափը 3 անգամ կբարձրանա․ մանրամասներ
2026 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում 1 կգ սիգի համար դրույքաչափը 65 դրամից կդառնա 200 դրամ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը` ներկայացնելով 2025 թ. ապրիլինի օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։
«Կենսապաշարների բնօգտագործման վճարների վերանայման նպատակն այն է, որ մեր ձկնատեսակների ռեսուրսներն արժևորվեն»,- ընդգծեց նա։
Ավետիսյանը հիշեցրեց, որ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Նա տեղեկացրեց, որ բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափերը մոտ երկու անգամ ավելացել են, բացառություն է կազմում սիգը, որի դեպքում դրույքաչափը 3 անգամ է ավելացել։
Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վճարումների կարգի մեջ. եթե հիմա պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, ապա 2026 թ. հունվարի 1-ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։
«Եթե անձը դիմում ու ստանում է արդյունագործական ձկնորսության համապատասխան իրավունքը, փաստացի կարող է ավելի քիչ չափաքանակ օգտագործել։ Այսինքն, այնպիսի մեխանիզմ է դրվել, որպեսզի յուրաքանչյուրը սպառի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Սա արդարացի կլինի»,- ասաց նա։
Ավետիսյանը նաև նշեց, որ այսօր, մասնավորապես, սիգի շուկայական վաճառքի գինը 1000-1500 դրամ է։
«Սիգը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Ես չեմ կարծում, որ դրույքաչափի բարձրացումը կարող է բերել սիգի գնի աճին»,- վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանն իր հերթին ավելացրեց, որ նոյեմբերի 20-ից Սևանա լճում սիգի արդյունագործական որսը դադարում է` պայմանավորված ձվադրման ժամանակահատվածի հետ։ Արգելքի ժամանակահատվածը կտևի մինչև մյուս տարվա փետրվարի սկիզբ։
«Արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը»,- հավելեց նա։
Նա նաև ներկայացրեց նաև հունիս-օգոստոսին Սևանա լճում ԳԱԱ կատարած ուսումնասիրությունները, ըստ որոնց` նկատվել է սիգի պաշարների աճի դրական դինամիկա։ Այս պահին լճում առկա է 1 550 տոննա արդյունագործական տեսակի ձկնային պաշար։





























